Ռուբեն Ռուբինյանի վերջին գրառումը, առաջին հայացքից, թվում է ազգային ինքնագիտակցության հղում․ նա հիշեցնում է, որ հին քարտեզներում «Ադրբեջան» չի եղել, իսկ Սևանը կոչվել է Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով։
Սակայն հենց հաջորդ նախադասությամբ՝ իր «բայց»-ից հետո, այդ պատմական հիմքը փոշիացվում է․«Բայց հետ գնալու իմաստ չկա ընդհանրապես, պետք է գնալ առաջ»։
Սա պարզ հռետորական անցում չէ, սա գաղափարական շրջադարձ է։ Երբ պետական պաշտոնյան ընդունում է պատմական ճշմարտությունը, բայց անմիջապես այն հայտարարում է «անիմաստ հիշողություն», նա փաստացի հանում է պատմական իրավունքի հողը ազգային մտածողության տակից։
Այդպիսի խոսքը հնչում է ոչ թե որպես հակափաստարկ Ալիևին, այլ որպես ներքին ազդակ՝ հրաժարվելու սեփական պատմական տարածքային և քաղաքակրթական հիշողությունից։
Սա իշխանական խոսքին բնորոշ գործելակերպ է․ սկզբում՝ ազգային զգացողության «թույլատրություն», հետո՝ դրա չեղարկում «խաղաղության» անվան տակ։
Բայց առանց պատմական հիշողության «առաջ գնալը» դառնում է ուղղություն՝ դեպի մոռացում, ոչ թե զարգացում։
Գևորգ Կարապետյան